Արցախի ԱԺ նիստում ամփոփվել են 2022թ. բյուջեի շուրջ նախնական քննարկումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախի ԱԺ

Դեկտեմբերի 16-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հերթական նիստը։ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկմանը։

Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը  նախ շնորհակալություն է հայտնել ԱԺ բոլոր պատգամավորներին՝ պետական բյուջեի շուրջ ծավալած շահագրգիռ ու բաց քննարկումների համար, ապա անդրադարձել ընթացիկ տարվա մակրատնտեսական ցուցանիշներին և առանձնացրել 2022թվականին պլանավորված  ոլորտային ծախսերը։

Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ  նախնական քննարկումների արդյունքում  ներկայացվել է 93 առաջարկություն, որից 26-ը՝ հարցադրումների տեսքով։ Կառավարության կողմից դրական եզրակացության արժանացած առաջարկությունները, ըստ նախարարի, ներառվել են 2022թվականի պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակում։

Ֆինանսների նախարարը պարզաբանումներ է տվել պատգամավորների առաջադրած հարցերին,որոնք վերաբերում էին չաշխատող տեղահանված քաղաքացիների աշխատավարձերին, պարենային արտադրանքի սուբսիդավորմանը, երկարօրյա դպրոցների արդյունավետությանը և այլ թեմաների։

Նախագիծը դրական եզրակցությամբ ամփոփվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում։

2022թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես են եկել ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը, պատգամավորներ Դ․ Գալստյանը, Ա․ Պետրոսյանը և Մ․ Հակոբյանը։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու նպատակով։

Համաձայն հաստատված ժամկետացանկի՝ 2022թ․ պետական բյուջեի  շուրջ քննարկումները շարունակվելու են  դեկտեմբերի 23-ին։

Օրակարգային հաջորդ հարցը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր։ Ֆինանսների նախարարը տեղեկացմամբ հանձնաժողովների և խմբակցությունների նիստերում պատգամավորների հնչեցրած առաջարկներն ընդունվել և ներառվել են նախագծում։

Գլխադասային հանձնաժողովի կողմից օրինագիծը նախապես արժանացել էր դրական եզրակացության։ Քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել էր բյուջեի նախագծի հետ միասին, ուստի այն քվեարկության է դրվելու դեկտեմբերի 23-ին՝պետական բյուջեի հետ մեկտեղ։

Հաջորդիվ ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։ Նախագծերի փաթեթը «Աժ կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի համաձայն՝ նոյեմբերի 28-ին ԱԺ նիստում վերադարձվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ պատգամավոր Արեգ Ավագյանի կողմից ներկայացրած առաջարկութունները ընդունվել և ներառվել են նախագծում։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Վ․ Կասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Օրինագծի վերաբերյալ  մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Մ․ Հակոբյանը և Դ․ Գալստյանը։ 27 կողմ ձայնով օրինափաթեթը ընդունվել է որպես օրենք։

 Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացած ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  և  ««Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել։

«Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը  առաջին ընթերցմամբ ներկայացրել է ԱՀ ՆԳ ոստիկանության պետ, գնդապետ Ա․ Հարությունյանը։

Գլխադասային հանձնաժողովի  առաջարկությամբ երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը սահմանվել է մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ։

27 կողմ ձայնով  օրինափաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ։

«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը նախապես արժանացել էր պետաիրավական մշտական հանձնաժողովի հավանությանը։ Խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը։

 ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով և մտքերի փոխանակությամբ։ Գլխադասային հանձնաժողովի նիստում այն արժանացել էր բացասական եզրակացության։Հերթական նիստում 18 կողմ,6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվել է որպես օրենք։

--00--ԱԹ