Բերձորի բնակչությունը տեղեկացված չէ, որ քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի տարածքն ազատելու նախապատրաստական աշխատանքներ չեն սկսվել։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, ով գտնվում էր քաղաքում։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում [Ադրբեջանը սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհ կառուցելու աշխատանքը] այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք  կառավարության որոշումներով լուծում ենք։ Եվ նաև բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ [...] Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», - ասել էր Փաշինյանը։

Նա նաև ասել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում»։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ տեղեկացված չեն եղել ոչ ԼՂԻՄ տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու պաշտոնական քայլերի մասին. «Ամեն դեպքում պրոցեսը, որ կարող է գնալ դրան, մոտավոր հայտնի էր, բայց որ հստակ ժամկետ լիներ, ոչ։ Հիմա էլ հստակ ժամկետ հայտնի չէ ինչ-որ տարածք ազատելու մասին, բնակիչները շարունակում են մնալ, ապրել»։ 

Ալեքսանյանն ասաց, որ տարածքները հանձնելու թեմայով իր հետ Արցախի իշխանությունները չեն խոսել, հատուկ խոսակցություն չի եղել։ Ըստ նրա՝ բնակչությանն այս թեմայով որևէ բան չեն ասել։ «Տեղեկացվածություն չի եղել, որ բնակչությանը հատուկ տեղեկացրած լինենք, որ արձագանք լինի։ Ամեն դեպքում այս պահին հստակ բան չկա»։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ Քաշաթաղի շրջանի մնացել են Բերձոր քաղաքը, Աղավնո, Ներքին Սուս գյուղերը։

Ըստ Նարեկ Ալեքսանյանի՝ Բերձորում մոտ 170 մարդ է բնակվում, իսկ ընդհանուր երեք բնակավայրերում՝ 300-ից ավելի մարդ։

--00--ՏՏ

Տեսանյութեր