Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. ՀՀ-Լեհաստան բարեկամական խմբի անդամներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի և տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են նաև բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը:

Բոգդան Կլիխը միջխորհրդարանական հարաբերություններում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հարցում գործուն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Որպես Արևելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում Լեհաստանը բավականին հաջողված փորձ ունի, այս առումով ևս, Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով, Լեհաստանն օրինակելի երկիր է Հայաստանի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է մշակութային փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես, առաջարկվել է Լեհաստանի Սենատում ներկայացնել Հայաստանի մշակույթը: Քննարկվել են կրթական հնարավոր փոխանակման ծրագրերին, լեհերենի ուսուցման հնարավորության ստեղծմանը վերաբերող հարցեր:

--00--ԱՀ