Ի՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Չի կարող լինել այնպես, որ դուք մեր որդիներին սպանեք, բերեք հանձնեք ինձ ու ասեք՝ թաղի։ Ասեք՝ սա մեր գործն է, սա էլ քո գործն է, չի լինում այդպես։ Վարդենիսում մոխրացած մեր երկու տղաների հուղարկավորությանը ես եմ եղել, նրանց ընտանիքներին ես եմ այցելում։ Ի՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է։ Այս մասին «Հայաքվե» նախաձեռնության ընթացքում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա դիմեց բոլորին՝ նշելով, որ սկզբունքորեն չպետք է խոսել անտարբեր ժողովրդի մասին․«Չկա անտարբեր մարդ, դա չէ խնդիրը։ Դա մեզ ներարկված ու թելադրված է։ Մեր խնդիրը փնտրել ու գտնելն է անտարբեր մարդկանց ճիշտ հակառակը»,-ասաց նա։

Նրա խոսքերով հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, իսկ տաճարը՝ փողոցին․ «Հոգին էլ պետք է հաղթի «դուխին», իրական Հայաստանն էլ ֆեյսբուքյան Հայաստանին»,-եզրափակեց իր խոսքը Սրբազանը՝ ընդգծելով, որ մեզ ընդամենը ժամանակն է բաժանում ճշմարտությունից։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00--ԶՀ