41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

f5e5f915025dc2_5e5f915025e18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2023 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի 58-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 41-ամյա եղբորորդին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր տան բակում պտուտակահանով հարվածել է իր գլխին, կրծքավանդակին և ձախ թևատակին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, դեպքի ժամանակ տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նշված օրը` ժամը 18:30-ի սահմաններում, եղբորորդին՝ 41-ամյա տղամարդը, հորեղբոր տան բակում վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող պտուտակահանով հարվածներ է հասցրել նրա գլխին, կրծքավանդակին և ձախ թևատակին, նախնական տվյալներով, փորձելով վրեժ լուծել 2007թ․ հոր սպանության համար, որի կատարման համար դատապարտված է եղել ազատազրկման:

41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ