350 գործարար Հայաստանում են. մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ֆորումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Ասում են՝ չէր լինի գործը, եթե չլինեին գործարարները՝ գործն արարողները: Աշխարհի ավելի քան 15 քաղաքների 350 գործարարներ Հայաստանում են «Մանթաշյանց» գործարարների միության հրավերով, մասնակցում են «Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ին:

«Կառուցիր գլոբալ նեթվորք, գլոբալ բիզնեսի համար». Ֆորումի այս տարվա խորագիր-կարգախոսն է: «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը մանրամասնում է՝ «Մանթաշյանց»-ի ընդհանուր գլոբալ առաքելությունն է՝ օգնել ամբողջ աշխարհում հայ գործարարներին ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և արագ զարգանալ: Երևանի մասնաճյուղն ունի քաղաքների ցուցակ, կարող են ընտրել՝ որտեղ են ուզում հանդիպել նրանց հետ և զարգանալ: Մեր նպատակն է՝ աշխարհագրությունը մեծացնել, այսօր 10 քաղաքում կարող են մանթաշյանականները գործընկերներ գտնել, մինչև տարեվերջ պլանավորում ենք նրանց թիվը դարձնել 20: Միությունը գործարար տեսանկյունից Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների հնարավորություն է ստեղծում, Լոս Անջելեսից գործարարներ կան, որ վաղուց Հայաստանում չէին եղել, այս ֆորումի համար եկել են Հայաստան», - ավելացրեց նա:

«Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ն այն լավագույն չկրկնվող հարթակն է, որտեղ հանդիպում են աշխարհի հայախոս գործարարները: Նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր գործարքներ, «Մանթաշյանց» գործարարների միության այս նախաձեռնությունը բիզնես աշխարհագրությունը ընդլայնելու ամենակարճ ճանապարհն է: Մեկ ձեռքսեղմում ու տեղացի գործարարները կարող են դուրս գալ միջազգային շուկա, նոր կապեր հաստատել, դրանց միջոցով նոր շուկաներ գտնել, դիրքեր ամրապնդել, խնդիրներ լուծել:

«Մանթաշյանց» գործարարների միության Լոռու մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Դանիելյանը նշում է, որ մասնաճյուղը հիմնել են անցած տարի դեկտեմբերին 17 գործընկերներով, հիմա նրանց թիվը 23 է: Աշխատանքներին ներգրավված են լոռեցիներ, ովքեր բիզնես գործունեություն են ծավալում Լոռիում և Լոռիի սահմաններից դուրս: 6-7 ամիսների ընթացքում 12 համագործակցություն են ունեցել, Լոռիում, նաև Սփյուռք - Հայաստանի մյուս մասնաճյուղերի հետ: Ակումբի գաղափարի հիմքում ընկած կարևոր բաղադրիչներից են կրթականը և բանակի ծրագրերը: Մանթաշյանցների նախաձեռնությունը Սփյուռքի 100 գործարարի է Հայաստան բերել: Սա նշանակում է, որ տեղացի գործարարները 100 նոր գործընկեր կարող են ունենալ: Այն, որ խոսքը մասշտաբային մի նախաձեռնության մասին է, նաև միջոցառումների թվով է հաստատվում: Յուրաքանչյուր տարի «Մանթաշյանց»-ը 650-ից ավելի միջոցառում է կազմակերպում, որպեսզի ամեն մի գործարար իր բիզնեսին համահունչ առաջարկ ունենա ու ստանա:

«Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը նշում է, որ «Մանթաշյանց» ակումբին անդամակցում են մեկ տարուց ավելի, բայց շատ մեծ կապեր են հաստատել: Հարոյանը նշում է՝ եթե ակումբում չլինեին, գուցե տարիներ պահանջվեր, որ հաճախորդներն իրենց վստահեին ու համագործակցեին, սիրով շարունակելու են հետագա համագործակցությունը ակումբի հետ: Մանթաշյանցն ակումբ է աճի ձգտում, աշխարհ նվաճելու ցանկություն ունեցող գործարարների համար: Հայաստանյան քաղաքներից ու Արցախից բացի, ակումբը ներկայացված է նաև Դուբայում, Մոսկվայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում:

«Մանթաշյանց» է աշխարհի 450 գործարար: Մանթաշյանականներն աշխատանք են ստեղծում ու շարունակում կրթվել: «Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ին էլ կրթական բաղադրիչը կարևորներից է: Իսկ համագործակցությունը նաև պետության հետ է: էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարություններ… պետական գործընկերների այս շարքը դեռ կարելի է թվել: Մանթաշյանցներն ասում են՝ «Մենքն ուժեղ է ես-ից, ուստի, ես-ը մենք են դարձնում, որ մենքով հայկական ուժով ներկայանան աշխարհին: »։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ