ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Իմ զորակցությունն եմ հայտնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, նա ամենափորձառու, խիզախ, մանրակրկիտ կերպով տեղեկացված քաղաքական գործիչ է խորհրդարանական դիվանագիտության և ընդհանրապես դիվանագիտության ասպարզում և այս փուլում իր կալանքը լրիվ քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Արմեն Աշոտյանն ամեն օր բացահայտում էր այն բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում ու Արցախում, վեր հանում անվտանգային խնդիրները: Նա բոլոր ստերը ասպարեզ էր հանում, հերքում և ճշմարտությունը ներկայացնում»:
Արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, Հայաստանում կալանավորման ինստիտուտը շահագործվում է և ծառայեցվում քաղաքական նպատակներին։ «Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը կալանքի տակ, եթե որևէ մեկը նյութական զանցանք է գործում՝ պարտադիր չէ կալանավորել, մեր երկրում այլևս կալանքը պատժամիջոց է, ոչ թե դատաիրավական գործընթաց», - ամփոփեց իր խոսքը Բագրատ Սրբազանը։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ