Արցախի՝ 1000 բնակիչ ունեցող Գիշի գյուղում ոչինչ չի մնացել, հացն էլ չի բավականացնում․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

Գշ

Շրջափակված Արցախը շարունակում է իր գոյաբանական կռիվը տալ ու դիմակայել առկա մարտահրավերներին։ Օրեցօր Արցախում իրավիճակը սրվում է, այսօր էլ արդեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել է՝ աղետի գոտի։ Ջրի հետ կապված կա խնդիր՝ հոսանքի պատճառով ջուրը չի հերիքում։ Հացն էլ է արդեն պակասություն անում, ցորենի դաշտերը չենք կարողանում հնձել դիզվառելիքի պատճառով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը։

«Հացը Մարտունուց ու Ստեփանակերտից ենք ստանում՝ արտադրամասերն են ուղարկում, բայց չի բավականացնում, պահանջարկը շատացել է իրենք էլ չեն հասցնում։ Տներում էլ էին թխում որոշ ժամանակ, բայց էս պահին էլ չկա դրա հնարավորությունը»,- Արցախում ստեղծված հումանիտար ճգնաշամի հետևանքների մասին է մանրամասնում համայնքի ղեկավարը։

Աղաբեկյանի խոսքով, հիմա արդեն ոչ մի բան չկա, ո՛չ հանրային տրանսպորտ, ո՛չ այլ փոխադրամիջոց, վառելիք չլինելու պատճառով չեն շահագործվում։ Համայնքում միայն գյուղմթերքի շուկան է գործում․ «Գյուղմթերքի արժեքը նորմալ է գյուղում, մեզ մոտ հիմանականում վերավաճառող են ոչ թե առնող։ Մենակ դա է մնացել գյուղում, խանութներում այլ բան չկա վաճառվող՝ գյուղմթերքն է»,- ասաց Սերոբ Աղաբեկյանը։

Մոտ 1000 բնակիչ ունեցող Գիշի գյուղում այնքան վաղուց է սնունդ և դեղորայք մատակարարվել, որ համայնքապետն անգամ ժամանակահատվածը չի կարողանում մտաբերել․ «Երևի թե սնունդ մեզ հասցվել է վերջին անգամ Հակարիի կամուրջը փակվելուց առաջ։ Գյուղում բուժկետ ունենք, առաջին բուժօգնություն են ցուցաբերում, բայց դեպքեր էլ կան, որ միայն դրանով չենք կարող սահմանափակվել»,- մատնանշեց Գիշի համայնքի ղեկավարը։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ