Դատապարտում ենք Գարիկ Գալեյանի կալանավորումը․ «Բաբոն տեր ա»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դ

 

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը, հավատարիմ մնալով մարդու հիմնարար իրավունքներին, մասնավորապես, խոսքի ազատության և բարոյական արժեքների պահպանմանը, դատապարտում է 44-օրյա պատերազմում իր կյանքն անձնվիրաբար զոհաբերած Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի կալանավորումը, այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնությունը․

Գարիկ Գալեյանը նույնպես պատերազմի մասնակից է եղել, ծանր վիրավորում է ստացել, իսկ ռազմի դաշտում՝ կորցրել իր ամենաթանկ մարդուն՝ որդուն։ Մխիթարի զոհվելուց հետո նա դժվարին ճանապարհ է անցել որպես որդեկորույս ծնող, և իր կյանքի հետագա առաքելությունը դարձրել «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպության ստեղծումը՝ հանդիսանալով վերջինիս հիմնադիր անդամներից մեկը։

Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ իր անվստահությունն ու քննադատությունն է հայտնել գործող իշխանությունների հանդեպ` վերջիններիս հակազգային գործունեությամբ պայմանավորված: Անհնար է չնկատել և չարձանագրել, որ գործող իշխանությունները որդեգրել են անթաքույց բռնաճնշումների գործելաոճ իրենց հասցեին հանրային քննադատություններ հնչեցնող անհատների, և առհասարակ հակառակ ճամբարներում գտնվող մարդկանց հանդեպ։ Սա անընդունելի և պախարակելի վարքագիծ է, որը շատերս թյուրիմացաբար կարծում էինք՝ արմատախիլ է արվել 2018թ. -ի «հեղափոխությամբ»։

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի և հասարակության լայն շրջանակների կողմից եզակիորեն հեղինակություն վայելող, բարձրագույն և անքննարկելի արժեք է հայ զինվորը: Սա, հավատում ենք, անբեկանելի ճշմարտություն է, իսկ զոհված զինվորի պատիվն ու հիշատակն արժանավայել պահելը` բոլորիս պարտքը։

Ուստի, մենք՝ լինելով կին, մայր, և քույր, կանգնում ենք Գալեյանների ընտանիքի կողքին, ինչպես նաև մեր աջակցությունը հայտնում՝ ի պաշտպանություն իրենց կյանքը Հայրենիքի համար զոհաբերած անձանց իրավունքների և պատվի։

Անընդունելի ենք համարում գործող իշխանությունների այս գործելաոճը և պահանջում ենք անվերապահ հարգանք և ապրումակցում ցուցաբերել որդեկորույս ծնողների, իրենց անդառնալի կորստի հանդեպ։

«Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը, զորակցելով Գալեյանների և նմանօրինակ բռնաճնշումների ենթարկված ընտանիքներին, ՀՀ իշխանություններից պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանի կալանավորման որոշումը,- նշվում է հայտարարության մեջ։

--00—ՍՊ