Հունգարիան արգելափակել է 50 մլրդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

կ

Հունգարիան արգելափակել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը։ Դա տեղի է ունեցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասին համաձայնություն հասնելուց մի քանի ժամ անց։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։

«Երեկոյան նիստի ամփոփում․ Ուկրաինային լրացուցիչ գումար տալու վետո», - հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների բանակցություններից հետո։

ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ Կիևին օգնության շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Ի դեպ, Ուկրաինան նաև սպասում է 61 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ կոնգրեսն առայժմ չի հաստատում այդ փաթեթը։

Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Ուկրաինան մեծապես կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից։

Ֆինանսավորումն արգելափակելուց ժամեր առաջ ԵՄ ղեկավարները որոշում էին կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Հունգարիան, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ավելի վաղ դեմ էր արտահայտվել նաև Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն գագաթնաժողովի ժամանակ չի արգելափակել Կիևի հետ բանակցություններ սկսելու որոշումը։ BBC-ն հայտնում է, որ Օրբանը դուրս է եկել դահլիճից, ինչն, ըստ երևույթին, համաձայնեցված է եղել, իսկ ԵՄ 26 ղեկավարները կատարել են քվեարկությունը։ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումն անցել է միաձայն։

--00--ԼՀ