Ծանոթ-բարեկամով խնդիր են լուծել, հանձնաժողովի նախագահը պետք է պատասխան տա. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցին, ասել է, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: 

«Խնդիրը քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար։ Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր, չգիտեմ՝ ո՞վ, ի՞նչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի, կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չդրվի։ Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է: 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրն են լուծում և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրենք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»,- ասել է Ծառուկյանը և կարծիք հայտնել, թե խնդիրի կարգավորման համար կարևոր է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից պահանջել վերանայել դիրքորոշումը։

Ծառուկյանը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին ԱԺ-ում Բաբկեն Թունյանն մի քանի պաշտոնյաների հետ հանդիպել է, իսկ իրենք ներգրաված չեն եղել։

«Երեկոյան ԱԺ-ում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ է եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն է խնդիրը: Եթե իրենք չեն մտածում, ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա, ինչ կարող ենք անել։ Մենք քայլ ենք կատարել տնտեսական հեղափոխության համար, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելիս կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով է: Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված է, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք»,- ասել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ»-ի աշպատակիցներն արդեն երկու օր է բողոքի ցույց են անում, փակել են գործարանի ճանապարհը։ Օրերս նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել: Գործարանի աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած զարգացումների հնարավոր պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս