Ես տեղյակ եմ, որ նոր սահմանադրությամբ ՀՀ-ն դառնալու է արտաբլոկային պետություն. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Արմեն Աշոտյանն իր վերջին հոդվածում մանրամասն նկարագրել է մյունխենյան կոնֆերանսի մեջ թաքնված բազմաթիվ խնդիրները։ Փաստացի, Ադրբեջանի պահանջով փոխվեց միջնորդ երկիրը, միջնորդ երկիր որպես այդպիսին չմնաց էլ, որովհետև Գերմանիայի կանցլերը ընդամենը կազմակերպեց հանդիպումը, իսկ բուն բանակցային ֆորմատը, Ադրբեջանի պահանջով, դարձավ առանց միջնորդների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին վեկտորի փոփոխությանը, Մամիջանյանը նշեց, թե իր տեղեկություններով, եթե Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական գործընթացը, ապա սահմանադրության մեջ ներառվելու է, այսպես կոչված, արտաբլոկային պետության փիլիսոփայությունը․ «Այսինքն, սահմանադրական մակարդակում Հայաստանին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքների։ Այլ կերպ ասած, ոչ միայն կորսվելու են գործող անվտանգային երաշխիքները, այլև սահմանադրորեն ֆիքսվելու են դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունները»,-ասաց նա։

Մամիջանյանը շեշտեց՝ Փաշինյանը բանակցում է իր աթոռի պահպանման մասին․ «Որ ուժը տա իր աթոռի, իշխանության պահպանության երաշխիքներ, դրա թելադրած ամբողջ շարադրությունն էլ կներառի պայմանագրում, որը բնականաբար կհամընկնի Ադրբեջանի ուլտիմատումների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ