Բագրատաշենի անցակետի մոտից մեկուկես միլիոն դրամի ծխախոտ են գնել վերավաճառելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը ապրիլի 23-ին մեկուկես միլիոն դրամով գնել է Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից՝ վրացի անծանոթ անձից և վերավաճառելու նպատակով տեղափոխել է Գյումրի:

Գյումրեցի տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

«Օպելը» տեղափոխվել է Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ