Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և դրանք ուղղել Նոր Կալեդոնիային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

լլ.

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

«Նոր Կալեդոնիան բռնության է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ներքո, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան և օգտագործել նրա ռեսուրսները, ներառյալ նիկելը: Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով:

Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, և այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։ Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։

--00—ԼՀ