Անթույլատրելի է Հայաստանի ու Արցախի միջև միասնականության խարխլումը․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Դավիթ Բաբայան

2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ վարչապետի իրավունքն է։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ հարցի շուրջ ասելիք կլինի, երբ արդեն գործի հանձնաժողովը։

«Հայաստան պետությունը իրավունք ունի նախաձեռնելու նման քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Իմ կարծիքը հետևյալն է, թող ստեղվի տեսնենք։ Վարչապետն ասաց, որ հասունացել է պահը, դե հիմա թող ստեղծեն, տեսնենք՝ ինչպիսի աշխատանք են տանում և ինչպիսի փաստեր կամ այլ տվյալներ են հրապարակելու։ Քանի որ դեռ չի ստեղվել, ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է արցախցիներին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն, ապա Դավիթ Բաբայանը պատասխանեց․

«Մենք միշտ ասել ենք, որ ամենամեծ հարստությունն ու ներուժը մեր միասնականությունն է, և անթույլատրելի է, որ որևէ մեկի կողմից այն խարխլվի։ Ցանկացած քայլ, որն ուղղված կլինի խարխլելու այդ միասնականությունը, կարող է ճակատագրական լինել»,-ասաց նա։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու համար որպես երածխավորներ դատարան ժամանակ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլը եղել է զուտ մարդասիրական՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստի, ինչն, ըստ Դավիթ Բաբայանի, առհասարակ լինել չի կարող։ 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ ելույթ էր ունեցել և նշել․ «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»։