Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր:

Նախ ներկայացվել է ամփոփ վերլուծություն՝ 1994 թվականից ներդրված Ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգի (Փարոս) պայմաններում առկա իրավիճակի, գնահատման սկզբունքների, աջակցության տեսակների և համակարգի թերությունների վերաբերյալ: Որպես այդպիսիք՝ նշվել են տարիներ շարունակ համակարգում նույն ընտանիքների ընդգրկվածությունը, մարդկային գործոնով պայմանավորված սուբյեկտիվ չափանիշների առկայությունը, համակարգից դուրս գալու մոտիվացիայի բացակայությունը, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց կողմից ոչ նախաձեռնողականությունը և այլն: Այնուհետև ներկայացվել է առաջարկվող նոր համակարգի նախնական տարբերակը, որը մշակվել է՝ հիմքում ունենալով աղքատության հետևանքների վերացման, գնահատված կարիքի և աջակցության փաթեթի համապատասխանության, սուբյեկտիվ չափանիշների և մարդկային գործոնի էական նվազեցման, համակարգից դուրս գալու մոտիվացիոն համակարգի ներդրման և այլ նպատակներ:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ ընտանիքի ապահովության գնահատման գործող համակարգն ուղղված չէ աղքատության հաղթահարմանը, և կառավարության համար առաջնահերթություն է սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցությունը դարձնել հնարավորինս հասցեական և նպատակային: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ պետության կողմից տրամադրվող աջակցությունը պետք է շոշափելի ազդեցություն ունենա աղքատության հաղթահարման և ծայրահեղ աղքատության վերացման առումով, այսինքն՝ նոր համակարգը պետք է լինի աղքատությունից դուրս բերող և ոչ թե աղքատ մնալու համար հարմար պայմաններ ստեղծող: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն աշխատանքային խմբի շրջանակում՝ բարեփոխման հայեցակարգի հիմքում դնելով հենց այս երկու նպատակը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս