Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են կալանավայր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Իրավական

ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին հոկտեմբերի 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Նշենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման։ ՊԵԿ նախկին ղեկավարը ընդհանուր հետազոտություն էր անցել նաև սեպտեմբերի 6-ին «Աստղիկ» ԲԿ-ում։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։