ՌԴ-ի չորրորդ ավիափոխադրողը՝ «Պոբեդան», 40 %-ով թանկացնում է տոմսերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Պոբեդա

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը 40 %-ով թանկացնում է այն չվերթների տոմսերը, որոնք իրականացվում են արտասահմանյան օդանավականներից դեպի ՌԴ: Տոմսերը կթանկանան միջինը  25 եվրոյով  (1800 ռուբլի)  ձմեռային ավիափոխադրումների սեզոնի մեկնարկից, այսինքն` հոկտեմբերի 28-ից:

«Միջազգային չվերթների համար «Պոբեդա» ընկերության ավիատոմսերի միջին գինը  անցած ձմեռային սեզոնին կազմում էր 4500 ռուբլի: Այսպիսով, տոմսերը կթանկանան միջինը 40%-ով, ինչը միանգամյա շատ բարձր աճ է»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Տոմսերը թանկացնելու այս որոշումը կապված է Մոսկվայի քաղաքային դատարանի` հոկտեմբերի 8-ին կայացրած վճռի հետ, որով արգելվել է «Պոբեդա» ընկերությանը արտասահմանյան օդանավակայաններում ուղևորներից 25 եվրո գանձել գրանցման (ռեգիստրացիա) համար:

«Պոբեդան»-ն ՌԴ-ի չորրորդ ավիափոխադրողն է: Ընկերությունը թռիչքներ է իրականացնում 28 միջազգային ուղղություններով, այդ թվում` Հայաստան (Գյումրի):