«Բարեփոխելով աշխարհը» փառատոնի որոշմամբ «Հումանիտար մրցանակ»-ը կհանձնվի ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր Դեյվիդ ՄաքՔենզիին, փառատոնի կազմակերպիչներին: «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնը կարևորում է այն հեռուստատեսային նախագծերը և ֆիլմերը, որոնք կրթում են, իրազեկում են և օգնում են կանխարգելելու ամբողջ աշխարհում անմարդկային գործողությունները: Փառատոնը հետաքրքրված է այնպիսի նախագծերով, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքներին կամ հումանիտար խնդիրներին:

«Բարեփոխելով աշխարհը» միջազգային հեղինակավոր փառատոնը Հայաստանում անցկացվում է «Ավրորա» ֆորումի հետ համագործակցությամբ:  ԱՄՆ-ից դերասան, հաղորդավար  Դին Քեյնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդյունավետ քննարկում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ նախագահի հետ քննարկել են Հայաստանում անցկացվող փառատոնի մանրամասները, հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում ավելի շատ ֆիլմեր, հեռուստատեսային արտադրանք բերելուն:

«Քննարկվել են նաև  այստեղ դպրոց հիմնելու հնարավորությունները: Անդրադարձանք այն հարցերին, թե ինչպես կարող ենք համատեղ աշխատել, նոր ֆիլմեր ստեղծել այստեղ: Մենք առաջ քաշեցինք մի քանի լավ գաղափարներ, որոնք կարող են ապագայում իրականություն դառնալ: Ես կարծում եմ, որ մենք լավ համագործակցություն կարող ենք ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Դին Քեյնը:

ԱՄՆ-ից հաղորդավար Մոնթել Ուիլյամսը նշեց, որ նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը կիսվել են գաղափարներով, որոնք առնչվում են կինոարտադրության հետ:

««Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնը հաջող ընթացք ունեցավ և մենք մտադիր ենք այն կրկին բերել Հայաստան: Այստեղ անցկացվող փառատոնը խոսում է մարդու իրավունքների մասին, և ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է»,-ասաց նա:

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնն ունի երկու հատուկ մրցանակ: Այդ մրցանակներից մեկը փառատոնի հիմնադիրները շնորհել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նա երախտագիտություն է հայտնել իրեն մարդու իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված գործունեության համար մարդասիրական մրցանակ հանձնելու համար: Երկրորդ հատուկ մրցանակը փառատոնի հիմնադիրների և նախագահող հանձնաժողովը որոշել է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:  Նրա հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչները փոխանցեցին Հումանիտար մրցանակը (Humanitarian Award) հանձնելու մասին սերտիֆիկատը: Նախագահ Արմեն Սարգսյանին մրցանակ հանձնելու միաձայն որոշում է կայացվել փառատոնի հիմնադիրների և նախագահող հանձնաժողովի կողմից: Մրցանակը հանձնվում է նախագահ Արմեն Սարգսյանին հիանալի առաջնորդության, ինչպես նաև ժողովրդավարությունը և սեփական կառավարությունն ընտրելու իրավունքի իրացման գործում մարդու իրավունքները պաշտպանելու, կառավարությունում խաղաղ տրանսֆորմացիա ապահովելու համար:

Խոսելով Հայաստանում առաջիկա անելիքների մասին՝ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ դիտարկում են Հայաստանում ֆիլմ նկարահանելու մի շարք գաղափարներ: