Թովմասյանի դուստրերի և հորը ԱԱԾ հրավիրելը խորը հետք թողեց իշխանության նկարագրի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

քաղաքական

«Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու փաստը խորը եւ անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական եւ բարոյական նկարագրի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Չեմ բացառում, որ քրեական գործի որոշ դրվագներ պարզաբանելու համար կարիք է առաջացել զրուցել նրանց հետ, սակայն հայկական պահպանողական մտածելակերպի ու ավանդական ընկալման տեսանկյունից դա չընդունվեց ու չհասկացվեց։

Իսկ միթե հնարավոր չէր այդ նույն զրույցը կազմակերպել տանը, սուրճի սեղանի շուրջ, առանց ավելորդ նյարդերի ու աղմուկի։

Չեմ կարծում, որ քննիչը իր պատվից ցածր կհամարեր անձամբ գնալ նրանց հետ զրույցի, եթե իհարկե իշխանության ամբողջ նպատակը նրանց լսելն ու վկայություն ստանալն էր։

Սակայն դատելով մեթոդներից ու ձեւից, կարելի է եզրակացնել, որ Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը ոչ թե վկայություն վերցնել էր, այլ Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելը՝ առավել մեծ ու քաղաքական կարեւոր նպատակին հասնելու համար։

Չգիտեմ մարդն ինչ աստիճանի պետք այլասերված օբիժնիկ լինի, որ ողջունի ու աջակցի աղջիկ երեխաներին ու ծեր մարդուն իրենց հոր կամ որդու պատճառով ԱԱԾ հրավիրելու փաստը»: