Գտնվել են 1979-ին գողացված Գոլբեյնի եւ Բրեյգելի կտավները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Գերմանիայում գտնվել են 1979 թվականին գողացված Գոլբեյնի եւ Բրեյգելի կտավները։ Արվեստի գործերի այս կողոպուտը համարվել է ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը՝ հղում անելով Spiegel ամսագրին։

Կտավները գողացվել էին 40 տարի առաջ Գոթա քաղաքի  Ֆրիդենշթայն ամրոցի թանգարանից։ Բայց 2019 թվականի սեպտեմբերի վերջին դրանք գտել եւ հանձնել են պետությանը։

«Բեռլինի պետական թանգարաններ» միավորման լաբորատորիա են բերվել Հանս Գոլբեյն-ավագի «Սուրբ Կատարինա», Յան Բրեյգել-ավագի «Գյուղական փողոց՝ սայլերով ու կովերով», Ֆրանս Հալսի «Երիտասարդի դիմանկար», Յան Լիվենսի «Ծերունի» եւ Անտոնիս վան Դեյքի «Ինքնանկար արեւածաղիկներով» կտավները։ Փորձագետները պարզելու են դրանց իսկությունը։

Հինգ կտավ գողացվել էր Ֆրիդենշթայն ամրոցի թանգարանից 1979 թվականի դեկտեմբերի 14-ի գիշերը։ Դրանք գնահատվում էին մոտ հինգ մլն գերմանական մարկ։ Այն ժամանակ դա Արեւելյան Գերմանիայում արվեստի գործերի ամենամեծ կողոպուտն էր։

2018 թվականի հուլիսին անհայտ մնալ ցանկացող անձինք հայտարարել էին, որ գողացված կտավները պատկանում են իրենց։ Այս մասին նրանք տեղեկացրել էին Ֆրիդենշթայն ամրոցի ֆոնդին իրենց փաստաբանի միջոցով։ Բայց համոզիչ ապացույցներ ներկայացնել նրանք չկարողացան։ Գոթայի իշխանությունները փաստաբանների հետ գաղտնի բանակցություններ վարեցին, որոնց ընթացքում իրավաբանը պահանջեց ստեղծագործությունների տերերին տալ 5,25 մլն եվրո։

Ավելի ուշ փաստաբանի եւ նրա այցելուի հանդեպ քրեական գործ հարուցվեց շանտաժի եւ փաստերը թաքցնելու մեղադրանքով։ Հետաքննությամբ զբաղվում է Գերմանիայի քրեական ոստիկանությունը։ Իրավապահները խուզարկել են կասկածյալների եւ երեք վկաների  բնակարանները եւ աշխատասենյակները։ Այդտեղ էլ նրանք գտել են հանցանշաններ, որոնք այժմ ենթակա են ստուգման։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս