Հավատում եմ՝ 1 տարի անց միմյանց կշնորհավորենք անխոցելի բանակ ունենալու առթիվ․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

 «Միասնական Հայրենիք»  կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 «Սիրելի հայրենակիցնե´ր, հայրենյաց պաշտպաննե´ր, ազատամարտիկնե´ր,

այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 28-րդ տարեդարձը։

Կազմավորվելով դժվարին պայմաններում՝ հայկական բանակը պատվով հաղթահարեց ծանրագույն փորձությունները․ հաղթեց պարտադրված պատերազմում ու ծնկի բերեց հակառակորդին՝ պարտադրելով զինադադար։

Այսօր մենք ունենք հաղթանակած եւ կայացած բանակ՝ շնորհիվ մեր նվիրյալների: Ես խոնարհվում եմ այն վեց հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները։ Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց առջեւ:

Ուստի անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները։ Այլեւս չպետք է թույլ տանք, որ շարունակվեն զոհվել մեր զինվորներն ու սպաները, որ ծնողները բանակից իրենց որդիների վերադարձը հրաշք համարեն: Եվ այսօր առաջնահերթ խնդիր եմ համարում բանակի անհապաղ վերազինումը ժամանակակից զինատեսակներով։ Խնդիր, որի մասին բազմիցս եմ արտահայտվել։ Ներկայում տեխնոլոգիաների եւ ուղեղների պատերազմ է, եւ պիտի անել ամեն բան, որպեսզի հաղթենք նաեւ այս պատերազմում։

Սիրելի´ հայրենակիցներ,

ես հավատում եմ, որ մենք հասկանում ենք պահի լրջությունը եւ ճիշտ ընտրության արդյունքում մարտունակ բանակ ունենալու այսօրվա բարեմաղթանքների փոխարեն մեկ տարի անց միմյանց կշնորհավորենք մարտունակ եւ անխոցելի բանակ ունենալու կապակցությամբ։

Շնորհավորում եմ հայկական բանակի եւ հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում եմ միասնություն եւ ուժ՝ ի շահ միասնական հայրենիքի»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս