Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

/

Հայաստանում մեկնարկել է Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավ քայլարշավը, որի մասնակիցները փետրվարի 17-ին Քաջարանից քայլել են դեպի Անդոկավան։

Նախքան Անդոկավան հասնելը նրանք հանդիպել են Քաջարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանի հետ, այնուհետև՝ նաև համայնքապետի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի հետ։ Այս մասին տեղեկացրին «Jai Jagat 2020»-ի հայաստանյան թիմից:

«Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի խորացող խնդիրների շուրջ համամարդկային համախմբման կոչով գլոբալ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի:

Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված քայլարշավը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Նյու Դելիից (Հնդկաստան): Ներառելով աշխարհի 10 պետություն և անցնելով շուրջ 14 հազար կմ ճանապարհ: Քայլարշավի նպատակն է հասնել Ժնև (Շվեյցարիա) 2020թ. սեպտեմբերին, որտեղ Ջայ Ջագաթի մասնակիցները միանալու են տեղական նախաձեռնությունների 8-օրյա համաժողովին:

Քայլարշավի աշխարհագրության մեջ ներառված երկրներում Հնդկաստանից և աշխարհի մի շարք այլ պետություններից ժամանած շուրջ 50 մասնակիցներն ու պատվիրակներն իրականացնելու են ոչ բռնի փոփոխություններին նվիրված համաժողովներ, դասընթացներ, թրեյնինգներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ:

Ջայջագաթցիները հայ-իրանական հարավային սահմանից կքայլեն մինչև հայ-վրացական սահման՝ ճանապարհին հյուրընկալվելով Հայաստանի գյուղերում և քաղաքներում, հանդիպելով տեղի բնակչությանը, այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ:

Քայլարշավի մասնակիցները ներկա կլինեն նաև Թավշյա հեղափոխության 2-ամյակին նվիրված Երևանում կայանալիք «Ոչ բռնությանը» համաժողովին, ինչպես նաև՝ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս