Ձերբակալվել է հանրահավաքում բռնությամբ իշխանությունը զավթելու կոչով հանդես եկած անձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Դեկտեմբերի 24-ին Հանրապետության Հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր, հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն բերման է ենթարկվել:

Դատախազության հանձնարարությամբ նշված փաստի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշված անձը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա:

ՀՀ դատախազությունը վճռականորեն կոչ է անում հանրությանը և քաղաքացիներին հավաքների մասնակցելու և ազատ խոսքի իրենց իրավունքի իրացումը չօտագործել ներքին հանրային համակեցության կանոնների խախտմանը, ներպետական կայունությունը և սահմանադրական կարգը տապալելուն ուղղված և նման նախադրյալներ ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելու, դրանից բխող որևէ գործողություն կատարելու համար:

Նման բոլոր հանցավոր դրսևորումները հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ և ձեռնարկվելու են բոլոր իրավաչափ միջոցները նման կոչեր և հայտարարություններ հնչեցնող, դրանք արդարացնող անձանց մեկուսացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Միևնույն ժամանակ, հանրահավաքների, հավաքների կազմակերպիչներին և վարողներին կոչ ենք անում հետևողականություն դրսևորել հրապարակային ելույթների հարթակները պետության ներքին կայությունան և անվտանգության համար վտանգավոր նման դրսևորումներից զերծ պահելու, այդպիսի կոչերի հետագա կրկնությունը բացառելու համար», - ասված է Դատախազության հաղորդագրությունում։

--0--ԿԿ