Ուժեղ է այն ազգը, որ ամենածանր փորձությունից հետո անգամ ոտքի է կանգնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Կարեն Փոլադյան

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը շնորհավորական ուղերձ է հղել համակարգի աշխատակիցներին, որում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի գործընկերներ,

Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Իրավամբ աննախադեպ ծանր զգացողություններով ենք ավարտում տարին: 2020 թվականի սեպտեմբերին թուրք-ադրբեջանական զավթիչների սանձազերծած պատերազմն ու դրան ի հետևանք՝ մեր ունեցած անդառնալի կորուստները, ցավոք, դեռ երկար ժամանակ, որպես անամոք ցավ, մաշելու են մեր ժողովրդի, յուրաքանչյուրիս սրտերն ու հոգիները: Մեր բոլոր տոնական ու տարեկան ցանկություններն ու մտորումները, անշուշտ, ամենատարբեր ձևերով անքակտելիորեն միահյուսված են մեր իրականության հիմնախնդիրների հետ, ինչպիսիք են մեր բարդ ու հակասական փոխակերպումները, բարոյամշակութային զարգացումները, մոլեգնող համավարակը, ազգային անվտանգության հիմնահարցերը, որոնք, որպես մարտահրավեր, ծառացել են երկրի և յուրաքանչյուրիս առջև:

Ուստի Ամանորը պատեհ պահն է, թերևս, որ առաջին հերթին խոնարհվենք մեր հերոսների, նահատակների անմահ հիշատակի առջև և երդվենք, որ մեր աշխատանքով, անմնացորդ նվիրումով պետք է շենացնենք, զորացնենք մեր երկիրը՝ որպես նրանց երազանքների իրականացում:

Ուժեղ է այն ազգը, որ կարողանում է ամենածանր փորձություններից հետո անգամ մեջքն ուղղել, ոտքի կանգնել և իր նվիրական ջանքերով շարժվել առաջ:

Ապրեցնող յուրօրինակ խորհուրդ և վերածնունդի բացառիկ առաքելություն ունեն գալիք տոները, որոնց սրտատրոփ սպասում են թե՛ մանուկները, թե՛ մեծերը՝ նախապատրաստվելով առանձնահատուկ և առավելագույնս: Այն կարծես դարձել է նախորդ տարվա արդյունքների ամփոփման, յուրահատուկ ինքնահաշվետվության, նոր նպատակների ու ծրագրերի նախանշման մի հանգրվան, մի սահմանագիծ, որ պիտի հատենք ու նորովի սկսենք կառուցել մեր զավակների ապագան:

Դատական դեպարտամենտն այս բարդ ժամանակաշրջանում, լարված ու տքնաջան աշխատանքով, ըստ հնարավորի իրականացրել է իր կանոնադրական խնդիրները, բարելավել աշխատանքային պայմանները, տեխնիկական հագեցվածությունը, աշխատանքային ու կատարողական կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և այլն:

Ակնառու են ձեռքբերումները, բայցև քիչ չեն առաջիկա տարվա անելիքները, որոնց իրագործման համար նախանշված են դրանց իրագործման հնարավորությունները և համապատասխան միջոցները:

Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում առողջություն, բարեկեցություն, տոկունություն, աշխատանքային անսպառ եռանդ և, ամենակարևորը, խաղաղություն:

Բարին ընդ ձեզ»։

--00--ԱԹ