Ո՞րտեղ է մեղադրյալ Ծառուկյանը 

Thumbnail

Քննչական կոմիտեն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որում պարզ է դառնում՝ քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ այն պառճառով, որ վերջինս   2012 թ-ին աջակցել է <<Քինգ Դելյուքս>> ընկերությանը՝ ՀՀԿ-ին օգնելու դիմաց։ Սակայն զարմանալիորեն չի խոսվում այն մասին, որ նույն <<Քինգ Դելյուքս>> ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երբեմնի մտերիմ, իսկ հետո արդեն հակառակորդ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին։ Վերջինս բազմիցս հայտարարել է, որ Ծառուկյանը հատուկ դեմպինգ է անում իր ընկերություններին՝ բարեգործական հին ավտոբուսներ շահարկելով, որպեսզի իրեն հասցնի սնանկության, որն, ի դեպ, կարծես թե նույն Ծառուկյանին հաջողվեց։ Ստացվում է, որ քրեական գործ կարելի է հարուցել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ, ում արածը, եթե իհարկե ապացուցվի, դատապարտելի է, սակայն Ծառուկյանի մասով, ով գիտակցված սնանկության է հասցրել մի ամբողջ ընկերություն՝ անձնական վրեժխնդրությունից դրդրված՝ ոչ։ 
Ընդհանրապես, հեղափոխությունից հետո իր իսկ հռչակած քայլերից առաջին հետքայլը Նիկոլ Փաշինյանը կատարեց այն ժամանակ, երբ Ծառուկյանին օլիգարխի կարգավիճակը <<մաքրագործեց>> ու նրան դարձրեց խոշոր սեփականատեր։ Մինչդեռ նույն Փաշինյանը մի քանի տասնյակ անգամ հայտարարել էր, թե օլիգարխները որևիցե քաղաքական դերակատարություն չպետք է ունենան այն երկրում, որի ուրվագծումը դրված էր մայիսյան իրադարձությունների հիմքում։ Եթե Հայաստանի երբեմնի ազդեցիկ օլիգարխներ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը կամ այլոք չեն զբաղվում քաղաքականությամբ, ապա ո՞րն է պատճառը, որ այդ նույնը կարելի է անել Գագիկ Ծառուկյանին։ Վերջինս որևիցե բանով ոչ միայն չի տարբերվում նրանցից, այլ պարբերաբար օգտագործել է իր ֆրակցիան՝ անձնական բիզնես-շահերի պաշտպանության համար։ Քանի դեպք կարելի է հիշել խորհրդարանական կյանքից, երբ ԲՀԿ-ականներն իրար հերթ չտալով անարգանքի սյունին են գամել այն օրինագիծների հեղինակներին, ովքեր իրենց գրածում այս կամ այն չափ վտանգել են նույն Ծառուկյանի բիզնես-շահերը։ 
Ստացվում է, որ Փաշինյանի հռչակած նոր Հայաստանում կան արտոնյալներ, ում կարելի է լինել և՛ բիզնեսմեն և՛ քաղաքական գործիչ, իսկ կան այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ իրավունք չունեն ամբիցիաներ ունենալ նմանատիպ դերակատարության առումով։ 
Ուստի այս երկակի իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞րտեղ է մեղադրյալ Ծառուկյանը։ 

Սուրեն Կամսարական