Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին տեղն է գրավել աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

դավթյան

Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Դավթյանը 14.983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով: Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը, ովքեր, սակայն, անմասն են մնացել մեդալներից: Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը: Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը:

--00—ՄՀ