«Տաճոյի Լյովայի» մոտից ոստիկանները մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

դդ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ Հանրապետությունում շարունակվում է «Զինանոց-2024» համալիր կանխարգելիչ միջոցառումների անցկացումը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, նույնպես ակտիվ պայքար են տարել ու շարունակում են տանել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ և վերջին 1 տարում այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, այդ թվում քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից, ինչպես նաև նրանց ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ, որ կարելի է այդ հայտնաբերված զենք-զինմթերքով մի քանի գունդ զինել։



Այսօր՝ ապրիլի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Լևոն Մ․-ի մոտ ապօրինի զենք-զինամթերք կա։



Ոստիկանները բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելում են Լևոն Մ․-ին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններին է ինքնակամ հանձնում 1 հատ «SS» մոդելի ջնջված գործարանային համարով ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, 1 հատ «ՏՏ» մոդելի գործարանային համարով ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ և 1 հատ առանց գրառման և գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Բռաունինգ» մոդելի առանց գործարանային համարի ատրճանակ, թվով 6 հատ «ՏՏ» մոդելի ատրճանակի փամփշտատուփեր, թվով 1 հատ «Բռաունինգ» մոդելի ատրճանակի փամփշտատուփ, թվով 240 հատ տարբեր տրամաչափի ատրճանակի փամփուշտներ և հայտնել, որ Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ բարեգործությամբ զբաղվելիս այնտեղ կատարված այցելությունների ժամանակ ներկայացված զենք-զինամթերքը իրեն տարբեր մարդիկ են տվել և իմանալով, որ զենք-զինամթերքը կամավոր հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից` որոշել է կամավոր հանձնել։



Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։



Աղբյուրի տեղեկություններով՝ Լևոն Մ․-ն Արագածոտնի մարզում հայտնի «Տաճոյի Լյովան» է, ով նախկինում եղել է «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը, ռեստորանը հիմա պատկանում է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ընտանիքին։

 

--00—ՍՊ