Իշխանությունն էր հայտարարել պատերազմ ԶԼՄ-ներին․ Հայաստանի մամուլը հետհեղափոխական շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Իշխանությունների արած հայտարարությունը, թե մամուլը պատերազմ է հայտարարել իրենց, ճիշտ չէ, հենց իշխանություններն էին պատերազմ հայտարարում մամուլին: Այդ մասին հայտարարել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ իր ղեկավարած կառույցի և Հայաստանի ժուռնալիստների միության հետ կազմակերպած «Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։  

«ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ պետք է պատժել ապատեղեկատվության համար։ Պատժի մեխանիզմներ կան գործող օրենսդրության մեջ, կրկին խոսում են արտադատարանական մեխանիզմների մասին, որ պետք է պատժեն մամուլին, սա վատ միտում է»,- ասաց նա։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝  լրատվամիջոցները բարիկադավորվում են, ինչը անընդունելի է։

«Բազմաթիվ ԶԼՄ-ներ իրենց աշխատանքում կամա թե ակամա դասվում են այս կամ այն քաղաքական խմբերի շահերի սպասարկողների թվին՝ ներկայանալով քաղաքական բարիկադների այս կամ այն կողմում։ Դա անպատվաբեր է»,- ասաց Սեյրանյանը։

«Քառյակ մեդիայի» ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանի կարծիքով էլ հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ների դերը նվազեցվում է։

«Քաղաքական գործիչները սկսեցին ակտիվորեն կիրառել ֆեյսբուքյան էջերից «լայվերի» և գրառումների պրակտիկան։ Աստիճանաբար դուրս մղելով քաղաքացու հետ հաղորդակցվելու պրոցեսից ԶԼՄ-ներին՝ քաղաքական գործիչները տեղեկատվություն ստանալու պրոցեսը վերածեցին քարոզչության, քանի որ «լայվը» միակողմանի կոմունիկացիա է»,- ասաց նա։

Քննարկման մասնակիցները ԶԼՄ-ների պաշտպանվածության համար օրենսդրական նոր կարգավորումների անհրաժեշտություն են տեսնում։