Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ նրա պահպանման ու ամրապնդման ուղին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հասարակական

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա տոնի առթիվ:

Անկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։

Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժեվորման մեր ուղին։

Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։

Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։

Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը»։