Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 15, 24News

Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվել է առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հանցագործության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Աշտարակի բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել։ 

Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար։
Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյաները յուրացրել են 2017 թվականի սեպտեմբերից մինչ օրս համայնքապետարանում որպես հավաքարարհրամանագրված անձի անվամբ դուրս գրված 1,430,000 և նույն տարվա նոյեմբերին, Ուշիի բարեկարգման համար շինանյութ գնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս գրված, ընդհանուր՝ 820 հազար դրամ գումարները։

Պարզվել է նաև, որ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով 2017-18 թվականներին կեղծվել է համայնքի շուրջ 17 քաղաքացու դիմում ու ստորագրություն, և յուրացվել՝ շուրջ 950 հազար դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։