Աղվան Հովսեփյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացվեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

հասարակական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ, բժիշկներին հաջողվել է գիտակցության բերել Հովսեփյանին, սակայն, ըստ բժիշկների, հաջորդ անգամ հնարավոր է դա հանգեցնի հիպերգլիկեմիկ կոմայի: Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու և Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հրատապ նիստի ընթացքում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով միջնորդությունը, արձանագրեց, որ առկա են բոլոր նախադրյալները՝ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու համար։ Պաշտպանը գրավի չափը թողեց դատարանի հայեցողությանը։ Միջնորդության հիմքում դրվել է Հովսեփյանի առողջական վիճակի վատթարացումը և հնարավոր կոմայի նախանշանները։

Պաշտպանի խոսքով՝ պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացուն, ապահովի, որ իր քաղաքացին հնարավորություն ունենա իրացնելու իր իրավունքը, պետությունը երբեք չպետք է անի այնպիսի գործողություններ, որը կարող է հանգեցնել առողջական վիճակի քայքայմանը, հանգեցնել մահվան դռանը։ Ալեքսանյանը նշեց, որ Աղվան Հովսեփյանը ինչ-որ մեկին կարող է դուր գալ, կարող է՝ դուր չգալ, բայց պետք է առաջնորդվել իրավունքով։ Ալեքսանյանը նշեց՝ դատարանից խնդրում են ողջամիտ վերաբերմունք, դժվար է պատկերացնում, թե սրանից ավել էլ ինչ է պետք ներկայացնել։ Հանրային մեղադրող Հայկուհի Բաղդասարյանն էլ արձանագրեց, որ ներկայացվել են նոր հանգամանքներ, հետևաբար, միջնորդությունը պետք է քննարկվի։ Միևնույն ժամանակ Բաղդասարյանն արձանագրեց, որ դատաբժշկական փորձաքննության իրականացումը դանդաղում է։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

--00--ՏՏ