«Սուրմալու»-ում պայթյունի վերաբերյալ վարույթով հարցաքննվել է 110 անձ, տուժող ճանաչվել՝ 85-ը

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News   

սուրմ
        

Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի մասով նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ, այդ թվում՝ Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, տեսչական մարմնի պետը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Թադեւոսյանն ասաց, որ այս դեպքով տուժող է ճանաչվել 85 մարդ, որոնցից 55-ը՝ մարմնական վնասվածք ստանալու առումով, 25-ը՝ ֆինանսական վնաս։ Ըստ նրա՝ 4 անձ այս վարույթով ունի մեղադրյալի կարգավիճակ։  Առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։ Վարույթով մեղադրյալներ են «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը եւ պահեստը շահագործող երեք անձինք։ Փոխտնօրենին եւ վարձակալին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրյալներից 3-ը կալանավորված են, իսկ փոխտնօրենը՝ ոչ։

Սերգեյ Առաքելյան

 

--00—ԱՊ