Երևանում 37-ամյա բնակչին ծեծի են ենթարկել և առևանգել․ 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-gn9N0SqCPP

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խուլիգանություն կատարելու, Երևան քաղաքի 37-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և առևանգելու դեպքերի հանգամանքները։ Քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի վերաբերյալ, ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 36-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ 37-ամյա տղամարդու և Երևանի մեկ այլ 37-ամյա բնակչի միջև նախկինում եղած ընկերական հարաբերություններն օգտագործելով, վերջինիս օժանդակությամբ, 2019 թվականի մարտի 31-ին տուժողին խաբեությամբ կանչել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող շենքերից մեկի բակ և մի խումբ անձանց հետ 32 և 33-ամյա տղամարդկանց վարած «Օպել Աստրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներով ուղևորվել է նշված շենքի բակ:

Նշված վայրում ժամը 01:20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, խախտելով բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչների անդորրը, հայհոյանքեր է հնչեցրել 37-ամյա տղամարդու հասցեին, մահակներով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, գցել գետնին և շարունակել ծեծի ենթարկել նրան:

Այնուհետև վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, հարկադրաբար նստեցրել են նրան «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ տեղափոխելով Էրեբունի վարչական շրջան՝ ճանապարհին, ավտոմեքենայի սրահում, շարունակելով բութ առարկաներով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերին, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 297-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանաբար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի հետ համակցված կիրառվել է նաև բացակայելու արգելքը:

32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, իսկ 33 և 37-ամյա տղամարդկանց՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթից անջատվել է նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասը, որի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ