Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

յ

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, պնդում է՝ իր պայքարը լեգիտիմ է։ Լեո Նիկոլյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը ՀՀ քաղաքացիություն չունի, Ֆրանսիայի քաղաքացի է, շուրջ 20 տարի ՀՀ-ում չի եղել, վերջին երկու տարիներին պարբերաբար գնում-գալիս է, որևէ խնդրի մինչ այս չի բախվել ՀՀ ղեկավարության կամ կառավարության հետ։

«Այժմ խնդիրն այն է, որ մոտ 1-1,5 ամիս առաջ գնացել եմ Ոսկեպար, մոտ երեք շաբաթ ապրել եմ՝ տարբեր սյուժետներ տվել, մարդկանց հետ շփվել, ապա՝ վերադարձել Փարիզ, որտեղ ՀՀ-ից զանգում է ինձ իմ փաստաբանը՝ հայտնելով, որ ապրիլի 25-ին նշանակված է դատական նիստ, պետք է շուտ վերադառնամ ՀՀ։ Այդ գործով ես տուժող եմ, որովհետև 2 տարի առաջ ինձ վրա հարձակում է եղել, ձեռքս կոտրվել է և այժմ երկաթե պրոթեզ է ոսկորի փոխարեն։ Իմ ձեռքը կոտրողի դատն էր ամսի 25-ին։ Ապրիլի 22-ին գալիս եմ ՀՀ՝ ֆրանսիացի բիզնեսմենի հետ, բայց սահմանապահներն ասել են, որ իմ մուտքը արգելված է ՀՀ-ում՝ չասելով, թե ինչի համար, ինչ պատճառով, ինչ հրամանով։ Որևէ պատասխան չկա։ Ապրիլի 22-ից ամեն ինչ արել են, որ ինձ հետ նստացնեն օդանավ, որ վերադառնամ Փարիզ, բայց ես մերժել եմ, այդ օրվանից գտնվում եմ օդանավակայանի չեզոք գոտում և արդեն վեցերորդ օրն է՝ հացադուլի մեջ եմ՝ սպասելով պատասխան, դադարել եմ նաև ջուր խմելը։ Ես պայքարում եմ իրականության համար, պետք է իմանամ՝ ով է այդ որոշումը կայացրել»,- ասաց Նիկոլյանը՝ նշելով, որ իրեն համոզում են՝ վերադառնալ Ֆրանսիա՝ դրսից շարունակելու պայքարը, բայց ինքը գտնում է, որ պետք է շարունակի իր պայքարը ներսից․«Փարիզում դեպք է եղել՝ մարդը ապրել է 22 տարի՝ չեզոք գոտում։ Ես այդքան չեմ ապրի, որովհետև առողջական շատ հարցեր ունեմ, 1-2 տարի ունեմ, քանի որ խնդիրներ կան՝ սրտի, թոքի, քաղցկեղի հետ։ Ես հիմա պայքարում եմ՝ իմ կյանքը վտանգի տակ դնելով, բայց պայքարելու եմ՝ մինչև չունենամ պատջասխան։ Ես գտնում եմ, որ իմ պայքարը, իմ կռիվը լեգիտիմ է և որևէ մեկը չի կարող ինձ համար որոշել՝ փողով, զոռով, համոզելով՝ ինչ պետք է անել։ Որոշողը ես եմ ի վերջո։ Ճիշտ է՝ առողջությունս թուլացել է, բայց ցավոք սրտի՝ պայքարի այլ ձև չեմ տեսնում»։

Նիկոլյանը կասկածներ ունի՝ գուցե պատճառն այն է, որ լուսաբանել է Ոսկեպարի դեպքերը։ Այլ հանգամանքներ Նիկոլյանը ևս չի բացառում՝ Ֆրանսիայում ընդդիմադիր հայացքներ ունի, ռուսական հեռուստաալիքներով խոսել է Մակրոնի դեմ, սակայն, հիմնական կասկածները տանում են դեպի Ոսկեպարի շուրջ լուսաբանումը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։