Հանրապետության երեք մարզում գարնանային ծառատունկ է իրականացվել. ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27 , 24News

շմն.

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ այսօր Հայաստանի Հանրապետության երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներն իրականացվել են նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի: Տնկվել է շուրջ 14000 ծառ։

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը, և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։

Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, աշխատակազմի ղեկավար Սերգո Աթանեսյանը և նախարարության ներկայացուցիչներ։ Ծառատունկին միացել են նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հայանտառը» կշարունակի ծառատնկումները։

--00—ԼՀ