Լաչինի սցենարը գրողները չէին սպասում, որ Արցախը դիմադրելու է. վախ կա, որ թիկունքում հարցեր կլուծվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ադրբեջանի պահանջները շատ ավելի մեծ են, քան Արցախում ուղղակի հումանիտար խնդիրներ առաջացնելը, այսօրվա մեր պահվածքից է կախված՝ խնդրի հանգուցալուծումը մեր օգտին կլինի՞, թե ոչ: Արցախցիները Հայաստանի և Արցախի իշխանությունների նկատմամբ վախ ու անվստահություն ունեն, որ իրենց թիկունքում կարող են կրկին հարցեր լուծվել ու ժողովրդին դավաճանել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին՝ պատգամավորը նշեց, որ հանրահավաքը ցույց տվեց՝ հային հնարավոր չէ կոտրել, գաղափարի շուրջ համախմբումը պետք է փոխանցվի նաև Հայաստանի ժողովրդին, որ պայքարը միասնական լինի:

Խոսելով այս օրերին Լաչինի միջանցքում գտնվող անձանց, հասարակական գործիչների մասին՝ Մետաքսե Հակոբյանը նկատեց. «Իրավիճակը մարդկանց մոտ ընդվզում է առաջացնում, բայց ընդունելի չէ, երբ դրանից փորձում են օգտվել իրենց քաղաքական, հասարակական գործիչներ հորջորջած անձինք, իրենց շահով պայմանավորված, կամ որևէ կենտրոնից պատվեր ստանալով՝ խնդիրը Բաքվից խաղաղապահների վրա են շեղում:

Երեկ ամբողջ օրը փոխանակ խոսվի, որ բնապահպան ձևացողներն Արցախում հումանիտար ճգնաժամ են ստեղծում, խոսվեց, որ բնակիչները ռուս խաղաղապահներից դժգոհ են․ պարզ է, որ սա քաղաքական խնդիր է, որը նորից դաշտ բերվեց»: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից Լաչինի միջանցք գնացող նախաձեռնություններին, ապա պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը դա կարող է Արցախի դեմ օգտագործել:

«Ենթադրենք՝ նրանք եկան, Գորիսից հասան մինչև Շուշիի հատված, որտեղից, որ միջանցքը փակ է, կեղծ բնապահպանները հնարավոր է՝ թույլ տան, որ նրանք միջանցքով անցնեն, որ ի լուր աշխարհի ցույց տան՝ ճանապարհը փակ չէ, դա մեզ օգուտ չի տալու: Այդպես թիրախավորվելու է Հայաստանը, Արցախը և ռուս խաղաղապահը: Արցախում նման բաներից լարվում են, ադրբեջանական կողմը խորամանկ է և մեր դեմ կօգտագործի նման քայլերը»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ