Եթե մեր բարեկամ ու դաշնակից ՌԴ-ն չի կարող խաղաղապահի դերն իրականացնել, հենց ինքը պետք է ՄԱԿ-ին դիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Եթե մեր բարեկամ ու դաշնակից ՌԴ-ն չի կարող խաղաղապահի դերն իրականացնել, հենց ինքը պետք է ՄԱԿ-ին դիմի։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության՝ մարտի 16-ի նիստի ժամանակ։ 

Այդ համատեքստում վարչապետը հիշեցրել է ՌԴ դաշնային խորհրդի՝ ԼՂ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին՝ նոյեմբերի 18-ին ընդունած որոշումը։

«Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում Վլադիմիր Պուտինը ԼՂ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշեցրել՝ «հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վտանգից խուսափելու համար իմ կողմից որոշում է կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»։

ՌԴ դաշնային խորհուրդը նույն ձևակերպումները, նույն բառապաշարը ներառել է նոյեմբերի 18-ի որոշման մեջ։ Այսպիսով, ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք. «Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ