Օֆշորի գործի վերաբացումից հետո Միհրան Պողոսյանը դեռ չի հարցաքննվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Միհրան Պողոսյան

Հատուկ քննչական ծառայությունը փորձում է կապ հաստատել և հարցաքննության հրավիրել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Այլ մանրամասներ Օհանջանյանը չհայտնեց՝ նշելով, որ նախաքննությունն ընթանում է։ 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։

2019-ի հունվարին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնեց, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ում վերաբացվել է։  

2016 թ․ «Հետք» լրատվամիջոցը «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի 3 ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։

Հրապարակումից հետո 2016 թ. ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: