ՍԱՏՄ-ն հորդորում է չօգտագործել անհայտ ծագման սնկեր․ որոնք են սնկից թունավորման նախնական ախտանշանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

1021421

Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է․

- զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք բերումից,

- չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին,

- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,

- չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ:

Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ:

Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Իրազեկման համար առիթ են հանդիսացել արձանագրված ահազանգերը թունավորումների վերաբերյալ, որոնք եղել են անհայտ ծագման սնկերից։

--00—ՅՄ