Իբրահիմ Քալըն․ առաջին խոսափողից մինչև հետախուզական լռություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

Screenshot_16

Թուրքիայի կառավարության նոր կազմի ակնառու ներկայացուցիչներից մեկն Իբրահիմ Քալընն է, ով ընտրություններից հետո նշանակվեց Ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար։ Իբրահիմ Քալընն Էրդողանի մերձավորագույն շրջապատից և համախոհներից մեկն է, ով տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել թուրքական իշխանական բուրգի ամենաբարձր շերտերում և լիովին կիսում է նախագահի իսլամական-օսմանական գաղափարները։ Գրում է Ermenihaber.am-ը։

Ո՞Վ է ԻԲՐԱՀԻՄ ՔԱԼԸՆԸ

Իբրահիմ Քալընը ծնվել է 1971թ. սեպտեմբերի 15-ին Ստամբուլում, սակայն ընտանիքն Էրզրումից է։ 1992թ․ ավարտել է Ստամբուլի համալսարանի պատմության բաժինը։ Այնուհետև մագիստրատուրա է անցել Մալայզիայի իսլամական միջազգային համալսարանում՝ իսլամական մտքի և փիլիսոփայության բաժնում։ Այդ նույն ժամանակահատվածում Թուրքիայի նախկին ԱԳ նախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եղել է այս համալսարանի դասախոս։

ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում 1996թ. նա շարունակել է ուսանել հումանիտար և փիլիսոփայական գիտությունների ոլորտում, ստացել դոկտորի գիտական աստիճան: Ավելի ուշ իսլամական մտքի և Իսլամ-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ դասախոսություններ է կարդացել ԱՄՆ-ի Սուրբ Խաչի քոլեջում, Ջորջթաունի և Բիլքենթի համալսարաններում։ Որոշ ժամանակ «Sabah» թերթում սյունակագիր է եղել։ 2005թ․-ին հիմնադրելով Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամը (SETA)՝ մինչև 2009 թ․ եղել է դրա նախագահը: 2011թ․ եղել է Ահմեթ Յեսևիի անվան թուրք-ղազախական միջազգային համալսարանի (Ղազախստան) և Թուրք-ճապոնական գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (Թուրքիա) հոգաբարձուների խորհրդի անդամ։

Պետք է ընդգծել, որ հանրային բյուրոկրատիայի սանդղակում նրա արագ աճն սկսվել է այն ժամանակ, երբ 2009թ. մայիսի 1-ին ԱԳ նախարար է նշանակվել Ահմեթ Դավութօղլուն։ Եվ, քանի որ արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը թափուր էր (այն զբաղեցնում էր Դավութօղլուն), նա նշանակվել է այդ պաշտոնին։ Քալընն այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012թ.։ 2010թ. հունվարի 30-ին ստեղծվել է վարչապետին կից հանրային դիվանագիտության համակարգման կառույցը, որի առաջին համակարգողը Քալընն էր։

2014թ․ օգոստոսի 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո Քալընը նշանակվել է նախագահի գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ նախագահի մամուլի խոսնակ։ 2019թ.-ից նա դասախոսություններ է կարդում Իբն Խալդուն համալսարանի իսլամական փիլիսոփայության բաժնի ասպիրանտների համար։ Քալընը պրոֆեսորի կոչում է ստացել 2020թ․։ 2018-23թթ. զբաղեցրել է Նախագահականի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի փոխնախագահի և Նախագահականի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնները։

Ամուսնացած է, ունի 3 դուստր։ Տիրապետում է 4 օտար լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն։

Այս բազմազբաղ գործունեությանը զուգահեռ՝ 51-ամյա Քալընը հասցրել է գրել մի քանի գիրք, ստեղծել հեղինակային թյուրքյուներ (թուրքական ժողովրդական երգեր) ու կատարել դրանք սազի նվագակցությամբ: Առավելի հայտնի են նրա «Elif bacı» (Քույր Էլիֆ), «Sen benimsin, ben seninim» (Դու իմն ես, ես քոնն եմ), «Seni mene vermez ise» (Եթե քեզ ինձ չտան) և այլ թյուրքյուներ, որոնցից մի քանիսը կատարել է հայտնի երգչուհի Զառան։

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՋ ՁԵՌՔԸ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Քալընը քաղաքական գործունեության ընթացքում աչքի է ընկել ոչ միայն տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելով, այլև երկրի համար կարևորագույն հարցերի քննարկումներին մասնակցելով՝ դրանցից շատերին հանդես գալով անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից։ Դրանց շարքում են՝

2015թ․ խոցված ռուսական ինքնաթիռից հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջև  լարված հարաբերությունների կարգավորման գործընթացքում Էրդողանի կողմից որպես հատուկ ներկայացուցիչ նշանակումը,

2017թ․ Կատարի և Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի միջև առկա լարվածությանը լուծում տալու համար Էրդողանի կողմից որպես հատուկ ներկայացուցիչ նշանակումը և դիվանագիտական գործընթացներում ներառումը,

Ուկրաինական ճգնաժամի ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերի հանդիպումը կազմակերպելու, Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը կնքելու և երկու կողմերի գերիների փոխանակման գործում ունեցած մեծ դերակատարումը,

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության գործընթացում մշտական համատեղ մեխանիզմի ժողովներին թուրքական պատվիրակության գլխավորումը,

Թուրքիայի՝ Հայաստանի, Հունաստանի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում  ունեցած մեծ դերակատարումը,

Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում ունեցած անհամաձայնությունների նվազեցմանն ուղղված դիվանագիտական քննարկումներում ընդգրվածությունը։

ՔԱԼԸՆՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՄԱՅՔ ՊՈՄՊԵՈՅԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Քալընի և այժմյան արտգործնախարար Հաքան Ֆիդանի նոր պաշտոնով պայմանավորված՝ սոցցանցերի թուրքական տիրույթում հաճախ են նրանց մասնակցությամբ կամ նրանց վերաբերյալ տեսահոլովակներ կամ տարբեր բնույթի լուրեր տարածվում։

Իշխանամերձ «Türkiye Gazetesi» թերթի յութուբյան ալիքում շաբաթներ առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն իր «Never give an inch. Fighting for the America I love» գրքում պատմում Իբրահիմ Քալընի և Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մասին. վերջինն այն ժամանակ Ազգային հետախուզության ծառայության ղեկավարն էր։

Պոմպեոն գրքում գրում է, որ փակ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը, նա նշել է ամերիկյան կողմի դիրքորոշումն Իսլամական Պետության (ԻՊ) դեմ պայքարում՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցելու է YPG-ին (Ժողովրդական պաշտպանության ուժեր), իսկ թուրքական կողմը հայտնել է, որ YPG-ին սատարելը հավասար է PKK-ին սատարելուն, և, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են վատ ընթացք ստանալ դրանից հետո։

«Այժմ հասավ դիվանագիտական մասը թուրքերին լուրը հաղորդելու: Հանդիպումը վատ անցավ։ Ես երբեք չէի տեսել, որ սենյակում այդքան արագ նման զայրույթ բռնկվի: Քալընն ու Ֆիդանը «պայթեցին», հետո արագ հեռացան։»,- գրել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ, թեև դա հիանալի չէր երկկողմ հարաբերությունների համար, Միացյալ Նահանգները «ճիշտ որոշում է կայացրել»։

Այս հանդիպմանն արձագանք եղավ նաև թուրքական կողմից բարձր մակարդակով։ Նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատեց ամերիկյան կողմի դիրքորոշումը։ Նա նշեց, որ դա ապատեղեկատվություն է և զարմանալի է, որ Պոմպեոն ասում է, թե ԱՄՆ-ն տեսել է՝ Թուրքիան չունի կարողություն ԻՊ-ի դեմ պայքարելու, որից հետո է նման որոշում կայացրել, մինչդեռ ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան արդեն իսկ պայքարում էր ԻՊ-ի դեմ։

Սկանդալային գրքի հրապարակումից հետո Քալընի արձագանքը ևս չուշացավ․ «Պոմպեոն տեղի ունեցածը խեղաթյուրելով է պատմում։ ․․․Մենք նրանց շատ պարզ ասացինք, որ ԱՄՆ-ի PYD/YPG քաղաքականությունը շատ սխալ է։ Հաքան Ֆիդանը մանրամասն բացատրեց սիրիական դաշտում տեղի ունեցող զարգացումները։ Ավելի ուշ Պոմպեոյի հետ իր հանդիպումներում նա կրկին հստակեցրեց մեր դիրքորոշումը։ Նմանապես, Մևլյութ բեյը և Հուլուսի փաշան (նկատի ունի Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին) ևս ասել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող քաղաքականությունը հիմնովին սխալ է։ ․․․Նա գրել է, որ մենք զայրացել ենք, մենք մեր հստակ դիրքորոշումն ենք այնտեղ ցույց տվել։ Այն, ինչ նա անվանում է զայրույթ, մեր հստակ դիրքորոշումն էր»։

Ուշագրավ է, որ թե՛ Չավուշօղլուն, թե՛ Քալընն իրենց խոսքում ընդգծել են, որ Սիրիայի, PYD/YPG-ի վերաբերյալ տարվող ամերիկյան այս քաղաքականությունը նախորդ նախագահ Բարաք Օբամայից մնացած ժառանգություն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ