Ազդությամբ ռուս 30-ամյա տղամարդը ՔԿ վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

picture.thumb_.jpg

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում հուլիսի 20-ին տեղի է ունեցել դժբախտ պատահար. ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձը հարցաքննությունից հետո հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է։  Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:

2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում: 

Հուլիսի 19-ին՝ ժամը 11:15-ին, անձը փաստացի վերցվել է արգելանքի ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից։ Նույն օրը նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, հուլիսի 20-ին հարցաքննություն իրականացնելու համար, անձը ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից կրկին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ներկայացել է նաև վերջինիս փաստաբանը, ինչպես նաև հրավիրվել է համապատասխան թարգմանիչ։ Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարութային գործողություններ։ 

Այդ գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։

Նշվում է, որ ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։  

--00—ԶՀ