Լիբանանի սոցիալական հարցերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-0x169wh-2048x1194z-0.3838

Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո նախարար Հեկտոր Հաջջարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում»։

--00—ՅՄ