Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

261381

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ:

Այս մասին հայտնում են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից՝ նշելով, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ալեքսեյ Լոգվինենկոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00—ՅՄ