«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունն արձագանքել է Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի նամակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1126707

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Հռոմի պապին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սուրբ ծննդյան կապակցությամբ Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը ծայրագույն զավեշտ է, որով Ադրբեջանի նախագահը վերստին հաստատում է Ադրբեջանում տիրող պետական և համակարգային երեսպաշտությունը։

Նամակում Ադրբեջանի նախագահն Ադրբեջանը բնութագրում է որպես «մի վայր, որտեղ էթնիկ և կրոնական բազմազանությունը պաշտպանված է որպես ազգային հարստություն, որտեղ բոլոր դավանանքների համար ստեղծված են հավասար պայմաններ, և դա աշխարհում բազմամշակութայնության հասցեներից մեկն է»։ Այս վերամբարձ խոսքերը հնչում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց ամիսներ անց, երբ էթնիկ և կրոնական ռասիզմի գերակայության պատճառով ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ մազապուրծ հեռանալ իր հազարամյա բնօրրանից։

Պարզից էլ պարզ է, որ էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանության մասին քաղաքակիրթ աշխարհի և Ադրբեջանի նախագահի ընկալումներն ու պատկերացումները հիմնավորապես տարբերվում են։ Էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանություն ասելով՝ արդյոք Իլհամ Ալիևը մտաբերո՞ւմ է Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացված խաչքարերը, արդյոք մտաբերո՞ւմ է Բաքվի հայկական եկեղեցին, որի նկատմամբ այժմ էլ իրականացվում է գործառնական և բովանդակային բռնություն, արդյոք մտաբերո՞ւմ է պատմական Գարդմանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որի կրողները բռնագաղթեցվել են իրենց օրգանական պատմամշակութային միջավայրից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ