Արդյո՞ք կապիտալ ծախսերի կատարման հարցում այս անգամ էլ կգործադրվի իշխանության աճպարարական «տաղանդը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Karavarutyun
168.am-ը գրում է․ «ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։

Այս պարագայում, բնականաբար, անհրաժեշտ է, որ տնտեսությունը հնարավորինս «հենվի» «արտահանելի» հատվածի (հիմնականում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության) վրա։ Մինչդեռ վերջին երկու տարիներին տնտեսական աճն ապահովվել է գրեթե առանց «արտահանելի» հատվածի մասնակցության՝ գերազանցապես «ոչ արտահանելի» հատվածի՝ առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին։ Փոխարենը,  ընդհանուր տնտեսական աճի տեմպին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների աճի տեմպերի ավանդաբար էապես զիջելու հետևանքով ՀՆԱ-ում ավելի են փոքրացել «արտահանելի» հատվածի ոլորտների տեսակարար կշիռները, և արդյունքում ավելի է նվազել տնտեսական աճին «արտահանելի» հատվածի նպաստելու դերը։

2021 թվականի 5.8% տնտեսական աճի պայմաններում արդյունաբերության աճը կազմել է 3.3%, 2022-ի 12.6% տնտեսական աճի պայմաններում՝ 7.9%։ 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսների (2023-ի տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել) 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) պարագայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է ընդամենը 2.1% աճ։ Ընդ որում, հունվար-հոկտեմբեր ամիսներին, 9.2% ՏԱՑ-ի պարագայում, արդյունաբերության ոլորտի կուտակային աճի տեմպը բացասական էր՝ -0.5%, և նոյեմբերին դրական է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ համաձայն պաշտոնական վիճակագրության, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճել է շուրջ 13.7 անգամ: Փոխարենը, օրինակ, հանքարդյունաբերության ենթաոլորտում ավանդական դարձած անկումը ոչ միայն շարունակվել է, այլև այն նույնիսկ հունվար-հոկտեմբերի համեմատ ավելի է արագացել։ Այն դեպքում, երբ այս ենթաոլորտը զգալի աճ է ունեցել նույնիսկ 2020 թվականի ընդհանուր անկման պարագայում։ Ընդհանրապես, անհերքելի է ՀՀ տնտեսական ներուժի առումով հանքարդյունաբերության «համակարգաստեղծ» բնույթը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ