«Ոստիկանները եկան, գետնին գցեցին». մանրամասներ՝ Վրաստանում հայ ուսանողի ձերբակալությունից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

 

1
«Ալիք» մեդիան գրում է, որ 20-ի բախումների ժամանակ Վրաստանի ոստիկանության կողմից բերման ենթարկված Մինաս Մինասյանը երեկ՝ հունիսի 24-ին, ազատ է արձակվել:

Լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ Մինասյանն ասել է, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել, ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն  հատուկ միջոցներ էին կիրառվել, ու ցուցարարները իջնելիս են եղել Ռուսթավելի պողոտայով:

«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար, արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու, թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա: Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է, ընդդիմանալ հնարավոր չէ»,- ասել է Մինաս Մինասյանը:

ՀՀ քաղաքացին լրատվամիջոցին նաև հայտնել է, որ բերման ենթարկելիս չի դիմադրել, սակայն ոստիկանները անտեղի ոչ համաչափ ուժ են կիրառել: Նրա վրա հարձակվել է 7 ոստիկան: Մինասյանն ասում է, որ ոստիկանությունը զանգելու հնարավորություն չի տվել: Այցելել են դեսպանատան ու Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

«Չեն թողել ընտանիքիս հետ կապվեմ, հյուպատոսարանի հետ  կապվեմ, ասացին, որ հյուպատոսը տեղյակ է ու գալիս է, բայց նման բան չկար, բերման ենթարկելուց հետո 6 ժամ սպասել եմ, հետո ուղարկեցին մեկուսարան: Չեն թույլ տվել ընտանիքիս հետ կապվել, ես թարգմանչի միջոցով եմ կապ հաստատել, խնդրել եմ որ զանգի տեղեկացնի»,- պատմել է Մինասյանը:

Մինաս Մինասյանն ուսանող է, այս պահին ապրում և սովորում է Վրաստանում: