Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

«Անկեղծ ասեմ՝ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց, որովհետև ես, այդ նամակը կարդալով, հասկացա, որ 2018 թվականին տրանֆորմացիայի շրջանում, բոլորս ֆիքսվել էինք Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբությունների իմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում», - «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով  խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանի գրած նամակը, որտեղ նա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը բնորոշել էր ճգնաժամային: Փաշինյանը համաձայն է այդ բնորոշման հետ․

«Կար վստահության ճգնաժամ ՍԴ նկատմամբ և Սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին, որ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչև 65 տարին, այլ՝ 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ, այլ՝ ՍԴ կողմից՝ 6 տարի ժամկետով», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այսօր ունենք այնպիսի Սահմանադրական դատարան, որը չի համապատասխանում գործող Սահմանադրությանը:

«Մենք չունենք այս Սահմանադրական դատարանը, որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ ներիշխանական մանիպուլյացիայի արդյունքում. տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Աարգսյանը՝ վարչապետի, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը»։

Վարչապետը նկատեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ առկա են սահմանադրական դրույքներ, բայց դրանք հնարավոր չէ կիրառել մինչև 2035 թվականը:

«Քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա 2005 թվականի կարգավորումն է տարածվում, այսինքն՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ՝ ցմահ կամ մինչև 65 տարի և նույնը վերաբերում է նաև ՍԴ նախագահին: Ստացվում է, որ մենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված ՍԴ չենք կարողանա ունենալ առնվազն մինչև 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, այնպես է գրել այդ տեքստը՝ Գագիկ Հարությանի և Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035 թվականը մնա ՍԴ նախագահ: Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ սեփականաշնորհել է ՍԴ-ն, այնպես, ինչպես կարել է նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել», - դիտարկումներ արեց վարչապետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news