Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը եւ նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաեւ ներքին շուկան արտադրողի համար առավել կանխատեսելի եւ կայուն դարձնելու հեռանկարին։

Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝ հատկապես խոսելով հարկային բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման եւ որակյալ կաթ մթերելու անհրաժեշտությունից։ Ըստ արտադրողների՝ բարձր ԱԱՀ-ն ոչ միայն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա, այլ նաեւ առողջապահական ռիսկեր է առաջացնում։ Խնդրի առնչությամբ հնարավոր լուծումների շուրջ քննարկում է ծավալվել։

Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անհատների կողմից նմուշառումը կանոնակարգված դարձնելու հարցին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ճյուղի մասնավոր հատվածի հետ եւս ամփոփել առաջարկները եւ ուղենշել հետագա քայլերը։