Դիվիդենտներ հավաքողները ստոր քայլ են անում․ Վահագ Ռաշը միացել է Ամուլսարի պաշտպաններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հասարակություն

Ֆեյսբուքի «Ամուլսար» էջում մշակույթի, կրթության, քաղաքական դաշտի հայտնի գործիչները տեսաուղերձներով հորդորում են միանալ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի երեկոյան նախատեսվող երթին։ 

«Սրանով ցույց ենք տալիս, որ ժողովուրդը պահանջում է, որ «Լիդիանը» չմտնի Ամուլսար։ Չաղտոտեն մեր բնությունը, չփչացնենք մեր սերունդների ու մեր առողջությունը։ Պետք է հնարավորինս շատ լինենք, որ մեր վարչապետն էլ տեսնի, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը կողմ է, որ Ամուլսարը մնա սար։ Բոլոր նրանք, որ ուզում են Ամուլսարը օգտագործեն իրենց համար դիվիդենտներ հավաքելու, Փաշինյանին քննադատելու համար, շատ ստոր քայլ են անում, ամենախիստ ձևով քննադատվելու են, ամենավատ բառերով վիրավորվելու են»,- նշում է ռոք երաժիշտ Վահագ Ռաշը։ 

«Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանն իր տեսաուղերձում պատմում է․ «Մի անգամ հարցրի մի իմաստունի, թե ինչ են ասում մեր լեռներն իրենց խրոխտ լռությամբ, և իմաստունը պատասխանեց՝ պահիր մեզ, լեռնական, որ մենք էլ քեզ պահեք։ Այսօր Ամուլսարը նույն բանն է, ասում, ու նույնիսկ գոռում։ Ու մենք չենք թողնի, որ մեր լեռները մենակ մնան»։ 

Հիշեցնենք, որ երեկոյան նախատեսվում է երթ՝ երեք երթուղիով՝ Զորավար Անդրանիկի Արձանի մոտից,  Բաղրամյան Մետրոյի մոտից և Քաղաքապետարանի մոտից Ամուլսարի՝ սար մնալու կողմնակիցները գալու են, ձուլվեն Ազատության հրապարակում։ 

Երթի պահանջներն են․

1․ Անմիջապես փոխել Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի ողջ տրամաբանությունը, որն ինքնին կեղծ է և ոչ ամբողջական։

2․ Դադարեցնել ժողովրդական պահանջի անտեսումն ու համեմատումը այն անհատների խմբի պահանջի հետ, ովքեր անմիջական շահառու են, և հանքի բացումը բխում է ուղիղ իրենց ֆինանսական շահերից:

3. Ուժը կորցրած ճանաչել «Լիդիան» ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական պետական եզրակացությունը` հենվելով արդեն իսկ բացահայտված թերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ իրենց փաստաթղթերում անտեսված են եղել բնապահպանական բազմաթիվ գործոններ։

4․ Ուսումնասիրել նախորդ իշխանության օրոք տրված կասկածելի թույլտվության մանրամասները, բացահայտել այս գործով բոլոր հանցանքներն ու կոռուպցիոն դեպքերը։

5․ Պահանջել «Լիդիան» ընկերությունից՝ դուրս բերել Ամուլսարի տարածքում մնացած շինտեխնիկան և վերականգնել լեռանը արդեն հասցված վնասները։

ա․«Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է, քանի որ՝
ա․ պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է,

բ․ խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները,

գ․ խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news